2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից՝ տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:               
 

Դավիթի այս վիճակը փորձություն է ոչ միայն իր, այլև ողջ հասարակության խղճի համար

Դավիթի այս վիճակը փորձություն է ոչ միայն իր, այլև ողջ հասարակության խղճի համար
07.04.2026 | 11:40

Փորձության մեջ հայտնված պատանի քրիստոնյա Դավիթին զրկում են ոչ միայն ազատությունից, այլ նաև Ս.Հաղորդություն ստանալուց, քահանայի այցից ու բժշկության աղոթքից, մոր հետ տեսակցելուց։ Ակնհայտ է, որ Ս․Հարության տոնի խորհրդին դեռ անհաղորդ մնացին որոշում ընդունողները և նրանց սրտերը չփափկեցին, իրավիճակը չփոխվեց, այլ մի բան էլ պատանու առողջական վիճակը վատացավ։

Եկեք քննենք Աստվածաշնչով կատարվելիքի հոգևոր արմատներն ու հետևանքները․

1. «Ով իր ականջը փակում է տնանկին չլսելու համար, ինքն էլ երբ կանչի Տիրոջը, Տէրն էլ իրեն չի լսի» (Առակ․ 21:13)։ Այսինքն, տառապանքի մեջ գտնվող մարդու կանչն անտեսողը իր նեղության օրը լսելի չպիտի լինի Աստծո կողմից։

2. «Վա՜յ նրանց, ովքեր ... խեղաթիւրում են աղքատների դատն ու դատաստանը, խլում իմ ժողովրդի տնանկների իրաւունքը...» (Ես․ 10:1-2)։ Դավիթի դեպքում քրիստոնյայի տարրական իրավունքն է ոտնահարվում` ստանալ հոգևոր խնամք, այն էլ վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդի պարագայում։

3. Տեր Հիսուս Ավետարանում ասում է․ «․․․ հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք» (Մատթ․ 25:36)։ Արգելելով Դավիթին այցելությունը՝ պատասխանատուները մերժում են հենց Աստծուն՝ Քրիստոսին:

4. Տեր Հիսուս Ավետարանում ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է» (Մատթ․ 19:14)։ Եթե Տերը պատվիրում է չարգելել Իրեն մոտենալը, ապա ովքեր արգելում են քահանայի մուտքը հիվանդի մոտ, Ս.Հաղորդություն ստանալը, հակառակվում են Քրիստոսի կամքին ու պատգամին։

5. Աստվածաշնչում մոր և որդու կապը սուրբ է, հատկապես տառապանքի պահին: Խաչելության ժամանակ անգամ դաժան հռոմեացի զինվորները չարգելեցին Մարիամ Աստվածամորը կանգնել իր Որդու խաչի մոտ: Դավիթին մոր հետ հիվանդանոցում հանդիպումն արգելելը ուղղակի ոտնահարում է բնական օրենքն ու Աստծուց մեզ տրված օրինակը։

6. Մարդկային պատմության մեջ քահանայի մուտքը հիվանդի կամ բանտարկյալի մոտ արգելվել է միայն հալածանքների ամենամութ տարիներին: Առաքյալի բերանով Աստված մեզ պատվիրում է․ «Հիւա՞նդ է ձեզնից մէկը, թող կանչի եկեղեցու երէցներին, եւ նրանք նրա վրայ թող աղօթք անեն, թող իւղով օծեն նրան Տիրոջ անունով» (Յակ․ 5:14)։ Արգելել հոգևորականի այցը՝ նշանակում է խոչընդոտել Աստծո և մարդու միջև հաղորդակցությանը, ինչը մեծագույն մեղք է:

7. Սուրբ Հաղորդությունը Քրիստոսի Մարմինն ու Արյունն է, որը տրվում է հոգու և մարմնի բժշկության համար։ Վերակենդանացման բաժնում գտնվողին Ս․Հաղորդություն ստանալու արգելքը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հիվանդին աստվածային բժշկարար զորությունից զրկում։

8. «Վերևից հրահանգ կա» արդարացումը Աստվածաշնչում նման է Պիղատոսի կերպարին՝ խաչը հանելու հրամանի պարագայում։ Նա գիտեր, որ Քրիստոսն անմեղ է, բայց վախից կամ պաշտոնը պահելու ահից լվաց ձեռքերը։ Չնայած, որ նա փորձեց արտաքնապես անմասն մնալ արդարի արյունից (Մատթ․ 27։24), սակայն իրականում դա պատասխանատվությունից խուսափելու ձախողված փորձ էր միայն։ Պիղատոսը Հռոմի ներկայացուցիչն էր և ուներ բացարձակ իշխանություն՝ Քրիստոսին ազատ արձակելու կամ դատապարտելու։ Եթե որևէ մեկն ունի օրենքով տրված իրավունք՝ կանխելու անարդարությունը, բայց թույլ է տալիս այն, ապա նա դառնում է այդ անարդարության համահեղինակը։ Ձեռքերը լվանալը չի ջնջում Պիղատոսի «ստորագրությունը» մահվան դատավճռի տակ, ինչպես նաև արդարացնում Դավիթին հոգևոր մեկուսացման մեջ պահողին։

9. Պիղատոսը մի քանի անգամ հայտարարեց. «Ես նրա մեջ ոչ մի յանցանք չեմ գտնում» (Յովհ․ 18:38), բայց հանձնեց դահիճների ձեռքը։ Եթե դատավորը գիտի, որ մեղադրյալն անմեղ է, բայց նրան հանձնում է «արդարադատությանը», ապա նա ավելի մեծ մեղք է գործում, քան նրանք, ովքեր չգիտեին, որ նա մեղավոր չէ։

10. Դավիթի հարցում, բոլոր նրանք, ովքեր «ձեռքերը լվանում են» ու ասում՝ «մենք հրաման ենք կատարում», աստվածաշնչյան տեսանկյունից կրում են նույն պատասխանատվությունը, ինչ որոշում ընդունողները։

Եզրակացություն․ Սուրբ Հաղորդությունը Քրիստոսի Մարմինն ու Արյունն է, որը տրվում է որպես հոգու և մարմնի բժշկություն։ Արգելել Հաղորդության ստացումը վերակենդանացման բաժնում գտնվողին, նշանակում է զրկել նրան աստվածային բժշկարար զորությունից։ Քահանայի մուտքն արգելելը ոչ միայն իրավական կամ կարգապահական հարց է, այլ մարդու հոգու ազատության բռնաբարում։ Նույնիսկ ամենածանր հանցագործներին մահապատժից առաջ իրավունք է տրվում խոստովանել և հաղորդվել։ Եթե Դավիթին դա արգելվում է, նշանակում է՝ նրան վերաբերվում են ավելի վատ, քան մահապարտին։ Սա հոգևոր առումով «ամոթի խարան» է այն համակարգի համար, որը թույլ է տալիս նման բան։ Դավիթի այս վիճակը փորձություն է ոչ միայն իր, այլև ողջ հասարակության խղճի համար։ Ովքեր այսօր փակում են դռները, մասնակից լինում դրան, կարեկցելու փոխարեն չարախոսում՝ վաղը պիտի կանգնեն մի Դռան առաջ (Յովհ. 10:9), որը բացելու համար ոչ մի «վերևից հրահանգ» չի օգնելու, բացի սեփական գթասրտությունից, ողորմածությունից, որը նա կարող էր արտահայտել այս կյանքում, բայց տարատեսակ պատճառաբանություններով այն չարեց։

Իսկ ի՞նչ կարող է անել հավատացյալ հոտը հիմա.

1. Շարունակել միասնաբար աղոթել։ Երբ Պետրոս առաքյալը բանտում էր, եկեղեցում նրա համար անդադար աղոթքներ էին անում և նրա շղթաներն ընկան (Գործք․ 12։5)։

2. Շարունակել Ս․Պատարագին և այլ հարմար պահերին աղոթել Դավիթի համար (Ղուկ. 11:7):

3. Այսօրվա և հետագա Ս․Պատարագներին տրվելիք բժշկության աղոթաթղթերի վրա չմոռանալ հարազատների հետ հիշատակել նաև Դավիթի անունը (Յակ. 5:13-15):

4. Քրիստոնեական պատասխանատվությամբ մոտենալ հարցին․ «Աստծու խօսքո՛վ բաց քո բերանը եւ ողջամտութեա՛մբ դատիր բոլորին, քննի՛ր եւ տարբերի՛ր աղքատին ու խեղճին» (Առակ. 31:8):

5. Խնդրել Տիրոջը, որ Նա բացի փակված դռները, փափկեցնի քարացած սրտերն ու լռեցնի չարախոս բերանները:

Վերջապես․ Այսօր մեռելոց է և մենք հիշում ենք մեր ննջեցյալներին։ Սակայն, հավատով ի Քրիստոս ննջածներն ավելի ողջ են, քան ապրող այն մարդիկ, ովքեր Աստծուց կտրված են (Ղուկ. 9:60, Մատթ. 8:22):

Տերը ողորմի բոլորիս և այցելի իր Դավիթ ծառային: Ամեն:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 227

Մեկնաբանություններ